Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում ապրիլի 25-ին, ժամը 16.20-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող, 1975 թ. ծնված Արման Ս.-ն, որը ակցիա էր իրականացնում և փակել էր նշված ճանապարհահատվածը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«Նա փետրվարի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով»,- հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ հավելելով, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ըստ աղբյուրի՝ Արման Ս.-ն տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում